Երբ ասում եք` «Մայր Հայաստան», այդ անվան տակ ի՞նչ եք հասկանում, ո՞ր երկիրն եք պատկերացնում։ Ներկայիս այս մի բուռ հողակտո՞րը, այս քար ու քռեճանո՞ցը։
Մայր Հայաստանը վաղուց գոյություն չունի։ Ավելի քան մեկ դար է չկա, որովհետև Մայր Հայաստանը Մեծ Հայքն էր։ Մայր Հայաստանը Մուշն ու Սասունը, Զեյթունն ու Վանը, Կարսը, Անին էր, Վանա լիճը, Նեմրութը, Սիփանը, վերջապես Արարատ սարն էր, ողջ Արևմտյան Հայաստանն էր, որը վաղուց թուրքիա է դարձել։
Իսկ այս ներկայիս ողորմելի պատառիկում հիմնականում մնացել են տափաստանային մտածողությամբ մարդիկ, լեռնականների քաջությանը նախանձող տգետ արարածները, որոնց պատերի տակ մեկ դար առաջ սովամահ էին լինում իրական մեծ Հայաստանից, Մեծ Հայքից, Արաքսն անցնելով, մահից մազապուրծ փրկված, մի կերպ այս հողակտոր հասած, թշնամու յաթաղան տեսած, հարազատների ու հարյուրավոր հայրենակիցների տանջամահ արված դիակներ տեսած, հոգնած ու սոված երեխաները։ Եվ հեռավոր Թիֆլիսից մեծն Թումանյանը եկել, հասել էր այստեղ, որպեսզի հնարավոր ու անհնարին ամեն միջոցներով փորձի փրկել խեղճ որբերին։
Իսկ տասնամյակներ հետո երբ 1940-ականներից սկսած մեծ ներգաղթի ժամանակ սփյուռքից տասնյակ հազարավոր արևմտահայաստանցիներ էին եկել հայրենի փոքրիկ այս հողակտորում կրկին օջախ հիմնելու, հայկական օջախի ծուխ երկինք հանելու, տեղացիները նրանց արհամարհանքով «ախպար» էին անվանում ու, նրանց ծաղրելով, նրանց միամտության մասին օրուգիշեր այլանդակ անեկդոտներ էին պատմում։
Հետո հերթը հասավ արցախցիներին։ Հայաստանին վերամիավորվելու արցախցիների պահանջ-խնդրանքը մնաց օդում կախված։ Ապա շատ մեծ դժվարությամբ ու դժկամությամբ 1989 թ. դեկտեմբերին փաստաթղթով ամրագրեցին Արցախի միացումը Հայկական ԽՍՀ-ին, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո, դեն շպրտելով իրենց իսկ ստորագրած միացման համաձայնագիրը, անկախություն հռչակեցին առանց Արցախի` Հայկական ԽՍՀ սահմաններով։
ՈՒ արցախցիները ստիպված եղան իրենք ևս անկախություն հռչակել, որպեսզի չմնան ազերստանի կազմում։
Հետո եղավ այն ինչ եղավ։ ՀՀ-ն ոչ ճանաչեց Արցախի անկախությունը, ոչ այն ընդգրկեց իր կազմ։
1990-ականների սկզբից ազերիների սանձազերծած պատերազմում տարիներ շարունակ թշնամու դեմ կռվում էին 27-30 հազար արցախցիներ, իսկ մոտ 4 մլն բնակչությամբ Հայաստանից ընդամենը 14-15 հազար քաջորդիներ էին եկել Արցախ` իրենց հայրենակիցների հետ ընդհանուր ոսոխի դեմ կռվելու (ի դեպ, նրանցից 3 հազարն էր մնում Արցախում։ Մի քանի ամիս հետո նրանք ետ էին վերադառնում Հայաստան, հաջորդ 3 հազարն էր գալիս։ Երևանում այդպես էին կարգադրել)...
Իսկ ահա հաղթանակից, 1994 թ. մայիսին ստորագրած զինադադարի համաձայնագրից հետո ՀՀ-ում տեղից վեր կենողը մուննաթով բղավում, կոկորդ էր պատռում, թե` մենք Արցախ ենք ազատագրել։ Այն դեպքում, որ սրանց գերակշիռ մասն իրենց ազգուտակով ոչ եղել են Արցախում, ոչ էլ անգամ քարտեզով Արցախի տեղը գիտեն...
Հետո կրկին եղավ այն, ինչ եղավ։ ՀՀ-ն, որ փաստացի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն էր համարվում, 2018-ից խաբուեությամբ իշխանության եկած մի ճիվաղի ջանքերով երաշխավորից վերածվեց բացահայտ արցախատյացի և թշնամու, պատերազմ պայմանավորվեց դարավոր ոսոխի հետ, որպեսզի հանձնի Արցախը։ Եվ իրոք կարողացավ շուրջ 75 տոկոսը նվիրել թշնամուն։ Մնացյալը փրկվեց Ռուսաստանի ջանքերով։ Բայց ՀՀ գլխավոր ճիվաղը մի կերպ փրկված այդ հողակտորը ևս հանձնելու համար, հավատարիմ շան պես վազեց տերերի մոտ` արտասահմաններ, եվրոպաներ և ստորագրեց, որ Արցախն ազերական է ու ՀՀ-ն պաշտպանում է ազերիների տարածքային ամբողջականությունը։ ՈՒ թշնամուն փաստորեն լիազորեց ռազմական գործողություններով հանգիստ, վերջնականապես դատարկելու Արցախը։ Ռուս խաղաղապահներին մնում էր դիտորդի պես նայելու, թե ինչպես է մի երկիր իր ձեռքով թշնամուն հանձնում իր հայկական տարածքի մի ստվար հատված։
Եվ դուք այս երկրին մա՞յր եք անվանում։ Մայրության նշույլ որտե՞ղ տեսաք նրա մեկդարյա
գործողություններում։ Չհաշված, որ, ինչպես վերևում նշեցի, Մայր Հայաստանը Մեծ Հայքն էր, իսկ սա նրա ընդամենը մեկ տասերորդական մասն է, ու ավելի շատ անառակ որդի է հիշեցնում։
Այս երկիրն այսօր արդեն ինքն իրեն է հոշոտում և վերացնում` իր շատ թե քիչ բարեկամ ու շատ թե քիչ դաշնակից երկրներին թշնամի դարձնելով և գրկաբաց նետվելով իր մահացու ոսոխի գիրկը։
Այստեղ, ՀՀ-ում ծնված, մեծացած ու այստեղ ապրող 30-40 հազար խեղճ մարդկանց համար եմ խորապես ցավում, որովհետև այս փոքրիկ զանգվածն է իրական արժեքայինը կրողը, որոնք Տիգրան Մեծից մինչև Մեսրոպ Մաշտոց, Խորենացուց մինչև Նարեկացի, նրանցից մինչև Րաֆֆի, Թումանյան, Տերյան ու Արամ Խաչատրյան են ծնել։
Ահա այդ 30-40 հազար հայերի համար եմ ցավում, որոնք փաստորեն, արցախցիների հետ միասին, վերոհիշյալ անառակի զոհն են։ ՈՒ վաղն էլ, ցավոք, նրանք են արցախցիների պես գաղթական դառնալու։
Վարդգես ՕՎՅԱՆ